Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մոսկվացի «պրիվալովներն» ու երևանցի «ինֆորմատորները»՝ ցեխաջրում

Մոսկվացի «պրիվալովներն» ու երևանցի  «ինֆորմատորները»՝ ցեխաջրում
07.10.2016 | 00:48

2016 թվականի սեպտեմբերն ու Հայաստանի անկախության վերականգնման 25-րդ տարեդարձն արդեն հետևում են մնացել, հետևում է մնացել նաև սեպտեմբերի 21-ին Երևանում կայացած զորահանդեսը, որ ամենատարբեր արձագանքներն ունեցավ: Ոմանց թվում է, թե մեր զորահանդեսից դժգոհ են եղել միայն Թուրքիայում ու Ապշերոնում, այդպես չէ, անգամ Երևանում են դժգոհողներ եղել: Հավանաբար դրանք այն շրջանակներն են, որոնք մոսկովյան «Версия» թերթի թղթակից Ալեքսանդր Պրիվալովին «փաստեր» են տվել «Մայդան «Երևան» խելացնոր խզբզոցի համար, որը հրապարակվել է այս տարվա օգոստոսի 8-16-ի 30-րդ ¥555-րդ¤ համարում: Մտադիր չեմ մեր ընթերցողներին նյարդայնացնելու, վերապատմելով հիշատակված հոդվածը. ցանկացողներն իրենք կարող են ծանոթանալ թեկուզ և այդ հրապարակման էլեկտրոնային վարկածին: Այդ շարադրանքում արտաքին անաչառությամբ հանդերձ, իրականում ամեն ինչ սուտ է կամ «թերասացություն»:

Եվ երբ դա, ինչն անգամ մոտավոր կերպով չի կարելի համարել Հայաստանի ոստիկանության ՊՊԾ-ի Էրեբունու գնդում տեղի ունեցած հուլիսյան իրադարձությունների լուրջ վերլուծություն, ընթերցում ես 2-3 անգամ, բացահայտվում է հեղինակի գլխավոր հակումը, այն է՝ ամեն կերպ պարզերես ներկայացնել բոլորին և ամեն ինչ Հայաստանում և ամեն կերպ սևացնել բոլորին և ամեն ինչ Ռուսաստանում և, առաջին հերթին, Ռուսաստանի իշխանության ներսում:
Ես չգիտեի, որ ոչ թե ԱՄՆ-ը, այլ «Մոսկվան է իր քաղաքականությամբ Հայաստանը մղում գունավոր հեղափոխության» (Պրիվալովն ու նրա երևանցի «բարեկամները»): Դե, իսկ ովքե՞ր էին Հայաստանը «գունավոր հեղափոխության» մղում 2006-2008 թվականներին, ապա պետդեպարտամենտի կողմից Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջորջ Էվանսի պաշտոնազրկումից և «ԱՊՀ-ում ամերիկամետ հեղափոխական շարժումների նշանավոր գործիչ» Մարի Յովանովիչին մեզ մոտ նշանակումից հետո, ապա՝ 2012 թվականին: Այն նույն Յովանովիչի, որ Երևանի պետհամալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ չխորշեց բացահայտորեն «հեղափոխության» ու «սարեր շուռ տալու» կոչեր անելուց: Այն նույն Յովանովիչի, որն անամոթաբար դատապարտում էր հայ-իրանական կապերն ու շփումները: Այն նույն Յովանովիչի, ով հովանավորում էր Հայաստանում տիպիկ ամերիկամետ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ստեղծումը: Այն նույն Յովանովիչի, ում Վաշինգտոնը հիմա էլ Կիև է ուղարկել՝ «ուկրաինական հեղափոխությունը ավարտին հասցնելու»: Բավական է Հայաստանում արևմտյան, նախ և առաջ ամերիկյան ազդեցության գործակալների հավաքագրման, ինչպես Արևմուտքում ամոթխածորեն անվանում են՝ «քաղաքացիական հատվածի զարգացման» վրա ԱՄՆ-ի դեսպանության և արևմտյան տարբեր «հիմնադրամների» ծախսած գումարները համեմատել մեր երկրում ՌԴ-ից ֆինանսավորվող հույժ ռուսամետ կուսակցությունների, «քաղաքացիական կառույցների» ու լրատվամիջոցների գրեթե լիակատար բացակայության հետ, և ամեն ինչ հասկանալի կդառնա: Նույնիսկ վարձու պրիվալովների համար:


Ես, համոզված եմ՝ նաև մեր շատ ու շատ համաքաղաքացիներ չենք իմացել, որ, ինչպես գրում է Պրիվալովը, «Հայաստանում չկայացած հեղափոխության գլխավոր միտումը» եղել է «բողոքն ընդդեմ Հայաստանի գաղութային կարգավիճակի»: Եթե Հայաստանը Ռուսաստանի «գաղութն» է, ապա ինչո՞ւ է մեզանում միշտ հաղթում արևմտամետությունը, անգամ մեր ազգային օրենսդրության էվոլյուցիայի կամ բարեփոխման առումով: Եվ, թույլ տվեք հարցնել, եթե Հայաստանը Ռուսաստանի գաղութն է, ապա ինչո՞ւ նա Մոսկվայի հետևից չհեռացավ սերբական տարաբախտ Կոսովոյի և Մետոխիայի երկրամասում անցկացված ստոր, ֆաշիստական և հակամարդկային «խաղաղարար գործողությունից»: Պնդում եմ, որ հայերն իմանան ու չմոռանան, որ Կոսովո-Մետոխիայում հայ զինվորներն ու սպաները հանդես են գալիս այն ուժերի կողմից, որոնք, ըստ էության, պահպանում են ամերիկյան «Բոնդստիլ» ռազմաբազայի հեռավոր մատույցները: Այն նույն բազայի, որտեղ ամերիկյան ու թուրքական հրահանգիչները վարժեցնում են իսլամիստ ահաբեկիչներին, որոնց այնուհետև նետում են Սիրիա, և որոնք Սիրիայում գազանաբար սպանում են տեղի բնակչությանը, այդ թվում՝ սիրիահայերին: Այն նույն սիրիահայերին, որոնք նախընտրեցին գլուխները չխոնարհել ԱՄՆ-ի ու նրա խամաճիկների լկտիության առջև և զենքը ձեռքներին պաշտպանել և պաշտպանում են Քեսաբը, Հալեպի քրիստոնեական թաղամասերը, բազմաչարչար Դեյր Զորը, Հասեկեն, Կամիշլին, Սիրիայի այլ քաղաքներ ու գյուղեր:


Բնակիչների մի խումբ, որոնց այլ կերպ, քան «սրիկաներ և դավաճաններ», չես անվանի, «պրիվալովների» հետ մեկտեղ ձեռնամուխ է եղել սեփական ժողովրդի «մշակման» նոր փուլին: Մենք դեռ անցած տարի ենք գրել, թե ԱՄՆ-ի դեսպանությունը 2016 թվականին ինչպես էր մտադիր Երևանում հավաքագրել նոր կադրեր, ընդ որում՝ «էժանով» (դրամաշնորհներն» այստեղ սկսվում են ընդամենը հինգ հազար դոլարից): Կարծում եմ, որ նրանք, ովքեր մոռացել են հայերի մտքի ու հոգու դեմ ԱՄՆ-ի նոր «խաչակրաց արշավանքի» մասին, պետք է նորից կարդան 2015 թ. վերջերի իմ հոդվածը: Ինձ թույլ եմ տալիս մեջբերել այդ նյութի միայն մեկ կարևոր հատված, որը վերաբերում է այն պատճառներին, թե ինչու են ԱՄՆ-ի կառույցներն ու նրա «համախոհները» հիմա նախընտրում Հայաստանի բնակչության «մշակմանը» ենթարկել «ինչ-որ բան» Ռուսաստանից. «Սլաքն ուղղելով միամիտ տխմարներին, թե, իբր, քանի որ նույն բանը կրկնում են ինչ-որ «մոսկվացի տղաներ», ապա փոքր դրամաշնորհները բաժանողների մտադրություններում «ոչ մի հակառուսական բան չկա», ամեն ինչ պտտվում է բացառապես «Հայաստանի ժողովրդավարական զարգացման» շուրջ: Հավանաբար, Թուրքիայի և Ադրբեջանի ամերիկացի խնամակալները, այնուամենայնիվ, գոնե մի բան կսովորեն, ընդ որում, ուղղակի «հընթացս», գիտեն, օրինակ, Հայաստանի քաղաքացիների շրջանում իրենց իսկ Գելապի ինստիտուտի սոցիոլոգիական հետազոտությունների 2012-13 թթ. արդյունքների մասին, երբ էլ ի հայտ բերվեց, որ մեր բնակչության 80-85 տոկոսը առաջվա նման հակված է Ռուսաստանը համարելու բարեկամ ու դաշնակից երկիր, բայց ինքներս էլ ենք սովորում. մենք գիտենք, որ դուք ավելի ու ավելի հաճախ եք սկսել ամերիկյան քարոզչությունը Հայաստան բերելու գործը հանձնարարել ձեր ռուս «կամակատարներին»:

«Արաբական գարունը» Հայաստանում անելիք չունի, ինչպես «գենդերային ազատագրական հեղափոխությունը»: Իր քաղաքական և այլ աղտեղությունը հայ ժողովուրդը կարող է մաքրել ինքնուրույն, առանց ԱՄՆ-ի:
Հարց է առաջանում. Պրիվալովն իր խզբզոցի համար մի քանի կոպեկ ստացել է Մոսկվայո՞ւմ, թե՞ նրա «հաշիվները փակել են» Երևանում, նրանք, ովքեր «իրենց ճշմարտությունն» են թելադրել ձախորդ ու փողասեր լրագրողին: Ահա, օրինակ, քննարկվող հոդվածի կիսաճշմարտության մի նմուշ. «Ռուսաստանը հայերի համար ամենաառանցքային ու ցավագին ղարաբաղյան թեմայում, փաստորեն, ադրբեջանամետ դիրք է բռնել»: Հասկանալի է, թե երևանցի հեքիաթասացները Պրիվալովի համար ինչով են «հիմնավորել» այդ «թեզը». ՌԴ-ից Ապշերոն ուղղակի զանգվածային զինամատակարարումներով և այլ ստահոդ կիսափաստերով, թե, իբր, «ապրիլյան պատերազմում» հայերին սպանում էին «ռուսական զենքով»: Նախ, և ես չեմ հոգնի սա կրկնելուց, արցախյան հարցում ադրբեջանամետ դիրքորոշում ունեն փաստորեն բոլորը, քանի որ ոչ միայն Ռուսաստանը, այլև ԱՄՆ-ը, Ֆրանսիան, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկրները 1991-94 թթ. պատերազմից հետո ոչ մի անգամ չեն հայտարարել, թե պատրաստ են ճանաչելու Արցախ-ԼՂՀ-ի անկախությունը: Միայն այդ դեպքում կավարտվի հակամարտությունը և քաղաքական կարգավորում կսկսվի: Արցախյան հարցում ԱՄՆ-ի քաղաքականության ադրբեջանամետությունը ակնբախորեն արտահայտվում է այն բանում, ինչ տխրահռչակ «Մադրիդյան սկզբունքները». դա հենց ԱՄՆ-ի գործիչների «մտքի» արգասիքն է, ուզում եմ հիշեցնել, այն ժամանակ, երբ պետքարտուղարն էր Հիլարի Քլինթոնը, ում խղճին է ծանրացած թեկուզ և միայն Լիբիայի ողբերգությունը, թեև Սիրիայի ողբերգությունն էլ է սկսվել հենց Քլինթոնի օրոք: Այլ հարց է, թե ինչու Հայաստանի իշխանությունները ստորագրեցին «Մադրիդյան սկզբունքները», ի՞նչ է, նրանք չէի՞ն տեսնում, չէի՞ն հասկանում, որ այդ փաստաթուղթը հակահայ է: Ա՜խ, չէին ուզում ԱՄՆ-ի՞ն «նեղացնել»: Դե այդպես էլ, ուրեմն, պետք է խոստովանել սեփական ազգին:


Երկրորդ՝ բազմիցս գրել ու հայտարարել եմ, որ «Մադրիդյան սկզբունքների» առավել խոտելի կետերը հայտնի են դեռևս 2005-2006 թվականներից, և դրանք բարձրաձայնել է հենց ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Այն նույն Բրայզան, որն ամուսնացած է թրքուհի Զեյնո Բարանի, մի մոլի հայատյաց կնոջ հետ: Այն նույն Բրայզան, որ հասցրել է նաև ԱՄՆ-ի դեսպանը լինել Բաքվում: Այն նույն Բրայզան, որ դարձավ անգամ Երևանում Ստեփանակերտը «Խանքենդի» անվանելու (վկան անձամբ ինքս եմ եղել) փորձի նախաձեռնող: Ես չեմ հիշում մի դեպք անգամ, որ Հայաստանի նախագահի աշխատակազմը կամ ԱԳՆ-ն բողոք հայտնած լինեն ԱՄՆ-ի այդ կեղտոտ մտադրությունների առնչությամբ: Այդ նողկալի դրսևորումների դեմ հանդես են եկել միայն առանձին անձինք՝ լրատվամիջոցների հոդվածների, ասուլիսների ու նման այլ մակարդակներով: Ի՞նչ է նկատառվում, երբ ես ասում եմ «Մադրիդյան սկզբունքների» «առավել խոտելի կետեր»:

Դա այն է, ինչը Բրայզան կոչում էր 2005-2006 թթ., իսկ հիմա կոչում է նրա հետևորդ Ջեյմս ՈՒոռլիքը. ԼՂՀ պաշտպանության բանակի անվերապահ դուրսբերում «անվտանգության գոտու» շրջանակներից, ադրբեջանցիների վերադարձ հակամարտության գոտի, հակամարտության գոտում արևմտյան երկրների «խաղաղարար ուժերի» տեղաբաշխում: Այս պահին չեմ խորանա մանրամասների մեջ այն առումով, թե ինչու է կտրականապես անթույլատրելի հակամարտության գոտում որևէ արևմտյան զինվորի հայտնվելը, այդ թվում՝ հայ-իրանական սահմանին, ու նաև բուն Հայաստանում: Եթե մոռացել եք, հիշեցնեմ. 1994 թվականից ի վեր հակամարտության գոտի են ճանաչվում ոչ միայն արցախյան ռազմաճակատի գոտին, այլև Նախիջևանի հետ Հայաստանի սահմանները: Բայց ինձ թույլ տամ մի հարց ուղղելու Պրիվալովին ու նրա երևանցի «ինֆորմատորներին». դուք երբևէ հասկացե՞լ եք խոսքի արժեքը, կարողանո՞ւմ եք սուտը ճշտից տարբերել: Արցախի առումով անթույլատրելի է տպագիր սադրանքների տարածումը կամ դրանց դիմաց վճարումը: Դա հանցագործություն է ընդդեմ Արցախի ու արցախահայության: Եվ եթե ինչ-որ թերհաս «պրիվալովներ» այդ բանն անում են փողով (քանի որ նրանց համար միևնույն է, միայն թե վճարեն), ապա նրանք մեծ պատասխանատվություն չեն զգում, բայց շատ ավելի մեծ պատասխանատվություն պետք է ունենան այն հայերը, ովքեր հրահանգավորում են «պրիվալովներին»:


Խոսքն այն մասին չէ, թե ինչ-որ մեկն «ուզում է պաշտպանել» Ռուսաստանն ու ռուսական քաղաքականությունը. նման բան պնդողներին ասեմ՝ այդ երկիրը ո՛չ Հայաստանի, ո՛չ մեր երկրի որևէ քաղաքացու «պաշտպանության» կարիքը չունի: Ռուսաստանն իր պաշտպաններն ունի՝ որքան ուզես: Խոսքն այն մասին է, որ ազգի համար կարևոր հարցերում անթույլատրելի են անզուսպ ճամարտակությունները, ինչպես, օրինակ, Պրիվալովի այս խոսքերը. «Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին անցյալ տարի լրատվամիջոցները խոսում Երևանում «Ծիրանի հեղափոխության» մասին: Անժամկետ շուրջօրյա բազմահազարանոց հանրահավաք էր մայրաքաղաքի գլխավոր հրապարակում՝ հակակառավարական և հականախագահական կարգախոսներով: Սակայն այն ժամանակ Մաքսային միությունից Եվրամիություն տեղափոխվելու, ինչպես նաև Գյումրու ռուսական ռազմաբազան հանելու մասին խոսք անգամ չկար. այն, ինչ կարող էր Հայաստանում լինել «գունավոր հեղափոխության» էությունը, հրապարակայնորեն չէր քննարկվում, բողոքի ընթացքում տոն էին տալիս աջերն ու ծայրահեղ աջերը: Նրանց համար գլխավոր պաշտամունքը զորեղ տերությունն էր, ազգային վերածնունդը: Հիմա նույն աջերն ու ծայրահեղ աջերը հանդես են գալիս ընդդեմ պաշտոնական Երևանի և անգամ, սարսափելի է մտածել, ընդդեմ Ռուսաստանի հետ սերտ դաշինքի»:
Դա և՛ հերթական աղավաղումն է այն բանի, ինչ Երևանում տեղի ունեցավ 2015 թ. ամռանը, և՛ այն մի երկու հարյուր, թող լինի հազար, մոլի արևմտամետների նշանակության միտումնավոր չափազանցումը, ովքեր 2016 թ. ամռանը աղմկում էին ՊՊԾ Էրեբունու գնդի մոտակայքում և անգամ փորձում էին սադրանքներով «ընթացք տալ» արյունահեղությանը: Չեմ կարող չնշել Պրիվալովի ու նրա երևանցի «զրուցակիցների» տխմարությունը, թե Մաքսային միությունն այլևս չկա: Իսկ ահա մի ավելի վատ հատված. «Ռազմական փորձագետների կարծիքով, Հայաստանի ռազմական տեխնիկայի 40-45 տոկոսը «իր դարն ապրած մետաղի ջարդոն է»: Ադրբեջանական զորքերը զինված են 4-րդ սերնդի զենքով, մինչդեռ հայկական բանակի սպառազինության մեջ դեռ 2-րդ և 3-րդ սերնդի տեխնիկա կա»:

Հատկանշական է, որ Պրիվալովը չի նշում «ռազմական փորձագետներից» և ոչ մեկի ազգանունը: Ես մոտավոր կարգով գիտեմ, թե այդ ինչ «ռազմական փորձագետներ» են, որ Երևանում նման «տեղեկություն» են հաղորդել Պրիվալովին, և հիշում եմ, թե ինչպես էին այդ «փորձագետներն» ապրիլին կաշվից դուրս գալիս, որ Հայաստանում նման «մտքեր» տարածվեին: Պրիվալովներին ու մեր կեղծ փորձագետներին հերքելու փորձ չեմ անի, թող մարդիկ մի քանի անգամ դիտեն ու կրկին դիտեն 2016 թ. սեպտեմբերի 21-ին Երևանում կայացած զորահանդեսի տեսագրությունը:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2226

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ